Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին ընդառաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի մասնակցությամբ:

Բացելով խորհրդակցությունը` Արմեն Աշոտյանը նշել է, որ նախորդ տարի կրթական համակարգն իր առջեւ դրած խնդիրները հիմնականում կատարել է, սակայն 2015-16 ուսումնական տարվա նախաշեմին առկա են նոր մարտահրավերներ: «Այս տարի եւս սահմանված գերակայությունները պահպանվելու են. հանրակրթությունը կրթական համակարգի ամենակարեւոր, ցավոտ եւ մասսայական ոլորտն է, ուստի  համակարգում առկա խնդիրները ստեղծում են հասարակական պահանջարկ` դրանցով ավելի ակտիվ զբաղվելու համար»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ որոշ մարզերում առկա են դեմոգրաֆիական խնդիրներ, որն իր ազդեցությունն է թողնում է նաեւ դպրոցների գործունեության կայունության վրա:

«Եթե դպրոցում անխուսափելի են կրճատումները, ապա դրանք պետք է լինեն` ելնելով բացառապես կրճատվողի մասնագիտական հմտություններից եւ օրենքի պահանջներից` այսպիսով բացառելով անարդարության որեւէ դրսեւորում: Երկրորդը դպրոցների ֆինանսական կայունության խնդիրն է. տնօրենը պետք է ֆինանսական հոսքերն այնպես կազմակերպի, որ դպրոցը որեւէ ֆինանսական խնդիր կամ պարտք չունենա: Այն դպրոցի տնօրենը, ով պարտքով է փակում տարին եւ ժամանակին չի ահազանգել դրա մասին`  օբյեկտիվորեն ծագած խնդիրներին ժամանակին լուծում տալու համար, կազատվի աշխատանքից:

Բացի այդ, նշված գործերը կարժանանան համապատասխան իրավապահ մարմինների ուշադրությանը`  պետությանը հասցված վնասի համար»,-նշել է Արմեն Աշոտյանը` վարչության պետերին հորդորելով ոլորտում առկա օրենսդրական փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացնել դպրոցի տնօրեններին: Նա նաեւ նշել է, որ այդպիսի օրենսդրական փոփոխություններից մեկով` հետայսու նախարարը կարող է դպրոցի տնօրենին զրկել հավաստագրից, որի հետեւանքով վերոնշյալ տնօրենն ավտոմատ ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Արմեն Աշոտյանի խոսքով` հավաստագրից զրկելու համար հիմք կարող է հանդիսանալ ուսհաստատության ֆինանսական վատ կառավարումը եւ այլ խախտումներ:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին նաեւ այլ հարցեր`  օգոստոսյան խորհրդակցությունների կազմակերպման եւ անցկացման, «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրման, տարրական եւ պետբյուջեով տպագրվող 11-րդ դասարանի դասագրքերի, դասամատյանների, համընդհանուր ներառական կրթության, սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին աջակցելու,  կառավարական պարգեւների ներկայացվող մանկավարժների անվանացանկը եւ անձնական գործերը 3-օրյա ժամկետում ներկայացնելու մասին: