Եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19-ին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի մոտ հավաքված` «Նաիրիտի» նախկին աշխատակիցների հետ զրույցում ասել է նախարար Երվանդ Զախարյանը՝ հիշեցնելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը «Բազե 2015»-ին:

Աշխատակիցները հակադարձել են`վարչապետի ելույթը լսելուց հետո ոչ ոք չի ցանկանա ներդրում կատարել:

«Վարչապետն ասում է՝ «Նաիրիտը» աշխատեցնելը անիմաստ եւ անարդյունավետ է: Եթե դու վարչապետ լինելով հայտարարում ես դա, էլ ի՞նչ ներդրողի մասին է խոսքը, որ մի խելոք մարդ ներդրում կանի»,- ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից, համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:

Նաիրիտցիները նախարարին ասել են, որ նախարարությանն օգնելու համար բողոքի ակցիաներ են սկսելու՝ գործարանի վերագործարկման պահանջով, նախարարը հրաժարվել է օգնությունից:

«Ինքն ասեց` մեզ մի խանգարեք, ձեր օգնությունը մեզ պետք չի, պետք չի պայքարել, տեղներդ մնացեք, ես օգնության կարիք չունեմ»,- հիշեց Կարինե Շահվերդյանը:

Կարինե Շահվերդյանի խոսքով՝ իրենց նամակի վերաբերյալ փոխնախարարն ու նախարարը ոչինչ չեն ասել,տեղեկացրել են, որ նամակի պատասխանը գործարանի  տնօրենին է ուղարկվել:

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մոտ հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պահանջել են պատասխանել դեռ հուլիս ամսին նախարարին ուղղված իրենց  նամակին եւ պարզաբանել իրենց պայմանագրի որոշ կետեր, սակայն նախարարությունում նրանց չեն ընդունել, ավելի ուշ նաիրիտցիներին մոտեցել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, ապա` նախարար Երվանդ Զախարյանը։

Նաիրիտցիներն իրենց նամակում մի քանի պահանջ են ներկայացնում` աշխատավարձերը խոստացված ժամանակում պատշաճ չվճարելու դեպքում գործարանի հետ աշխատակիցների կնքած պայմանագրերը` տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին, անվավեր ճանաչել, պարզաբանել, թե որքանով է իրավաչափ տույժ-տուգանքներից հրաժարվելու մասին պայմանագրի ստորագրումը իրենց հետ, եւ թե ինչպես է լուծվելու աշխատավարձերի ուշացման համար դատարան դիմած եւ դատը շահած նաիրիտցիների ծախսերի փոխհատուցման խնդիրը։ Նշենք, որ Կառավարությունը փոխանցել է բոլոր նաիրիտցիների աշխատավարձային պարտքերը: Գործարանի աշխատակիցների աշխատավարձը հատկացնում է պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից։