Հիլարի Քլինթոնը Սպիտակ տան ներկայիս ղեկավարի` Բարաք Օբամայի հետ վիճել է Արկտիկայում նավթի արդյունահանման նպատակահարմարության շուրջ`հաղորդագրություն տեղադրելով  Twitter-ում իր պաշտոնական էջում:

«Արկտիկան բացառիկ գանձ է: Մեզ հայտնի փաստերի համաձայն, հորատելն այնտեղ չափազանց ռիսկային է», - նշել է նախկին առաջին տիկինն ու Դեմոկրատական կուսակցությունից նախագահական թեկնածուն:

Հայտարարությունը ցանցում է հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ներքին գործերի նախարարությունը, ամերիկյան վարչակազմի գիտությամբ, Shell ընկերությանը թույլտվություն է տվել Արկտիկայում հորատում անելու, հաղորդում է Lenta.ru-ն:

Դիտորդները նշում են, որ Քլինթոնն առաջին անգամն է ակնհայտորեն իր անհամաձայնությունը հայտնում Օբամայի որոշմանը: Նախկինում նա գերադասում էր ձեռնպահ մնալ այնպիսի մեկնաբանություններից, որոնք կարող էին երկու քաղաքական գործիչների միջեւ փոխըմբռնման բացակայության տպավորություն թողնել: