Ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել փաստաբան Ստեփան Ոսկանյանի հայտարարության վերաբերյալ, որի համաձայն՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում մարմնավաճառների դեմ պայքարելու հետեւանքով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վազգեն Կարապետյանը փետրվարի 8-ին փողոցում տաքսու մեջ տեսել է իր ծանոթ Ի. Կ.-ին, նրան ստիպել է նստել իր մեքենան, վեճի բռնվել իրենց ընդհանուր ծանոթուհուն զանգել-չզանգելու հարցի շուրջ, ապա դանակով սպառնացել է ու պահանջել 10.000 դոլար:
Ի. Կ.-ն նույն օրը հաղորդում է տվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Քրեական գործ է հարուցվել, որի քննության ընթացքում օգոստոսի 3-ին Վազգեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
«Որտե՞ղ է այստեղ «պայքարը մարմնավաճառության դեմ»: Ի՞նչ «պայքար» է մղել Կարապետյանը, երբ 2014 թ. սեպտեմբերի 9-ին հեռախոս վերադարձնելու հարցի շուրջ վեճի ժամանակ ծեծի է ենթարկել մի կնոջ, կամ նույն տարվա դեկտեմբերի 23-ին քարով ջարդել է իր արդեն հիշատակված ծանոթուհու ավտոմեքենայի հետնապակին…
Զարմանալի է Վազգեն Կարապետյանին հանրային բարոյականության պաշտպան ներկայացնելու՝ փաստաբանի ջանքը»,- ասված է պարզաբանման մեջ:
Նշենք, որ Ստեփան Ոսկանյանը օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Վազգեն Կարապետյանին մեղադրանք են առաջադրել, քանի որ նա պայքարել է «Փոքր Մայամի» հյուրանոցում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց դեմ:





























