Օգոստոսի 13-ի ուշ երեկոյան երկու անձանց կողմից ծեծի ենթարկված 23-ամյա Սյուզի Գեւորգյանը չի պատրաստվում դադարեցնել իր քաղաքացիական գործունեությունը: Այսօր օգոստոսի 20-ին, Ազատության հրապարակում հրավիրված դեպքը դատապարտող հավաք-երթից առաջ լրագրողների հետ զրույցում ակտիվիստն ասաց, որը Հայաստան է վերադարձել Ռուսաստանից` միանալու երկրում տիրող քաղաքական իրավիճակի դեմ մղվող պայքարին:
Ակտիվիստը ծեծի ենթարկվելը կապում է իր քաղաքացիական գործունեության հետ:
Նրա խոսքով`երկու անհայտ անձինք գործել են իշխանությունների հրահանգով իրեն վախեցնելու եւ պայքարից հետ պահելու նպատակով, սակայն ինքը չի պատրաստվում հետ կանգնել իր «մտքերից»:
«Ինձ չի վախեցրել այդ դեպքը: Կա ավելի կարեւոր մի մարմին, քան սեփականն է, դա հայրենիքն է: Ես շարունակելու եմ հայրենիքիս համար իմ պայքարը, շարունակելու եմ թռուցիկներ բաժանել եւ իրազեկել հայրենիքում եւ սփյուռքում ապրող հայերին, որովհետեւ չեմ պատկերացնում իմ կյանքն առանց Հայաստանի: Ես ուզում եմ վերադառնալ Հայաստան եւ ապրել ազատ, անկախ Հայաստանում»,- ասաց նա` ավելացնելով, որ ծնողները Հայաստանում չեն ապրում, բայց սատարում են իրեն:
Սյուզի Գեւորգյանը «Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներից է եւ վերջին օրերին ակտիվ կերպով իրազեկել է Համահայկական խաղերի սփյուռքահայ մասնակիցներին երկրում տիրող «աղետալի» վիճակի մասին՝ կոչ անելով «տեր կանգնել մեր հայրենիքին»։
«Սփյուռքը պետք է ոտքի կանգնի, սփյուռքը պետք է վերջապես արթնանա, ինչի՞ն են սպասում, սպասում են, որ կորցնե՞նք վերջին հույսը եւ մեր հայրենիքի վերջին կտորը: Պետք չի նստել տանը եւ բողոքել, որ Հայաստանում վատ է կյանքը, չեմ ուզում վերադառնալ։ Եթե վատ է, վերադարձիր հայրենիք եւ պայքարի»,- ասաց ակտիվիստը:
Անդրադառնալով դեպքին` Սյուզի Գեւորգյանը պատմեց, որ երկու անհայտ անձինք, դիմակով չեն եղել, տարածքում մարդիկ եւ տեսախցիկներ չեն եղել:
«Սկզբից մոտեցան, ձեռքս քաշեցին, երբ որ ասեցի` ո՞վ եք, ի՞նչ եք ուզում, իրենք պարզապես սկսեցին հարվածել: Մի հոգին էր հարվածում, մյուսն ուղղակի հսկում էր։ Հարվածողին որ տեսնեմ, դեմքով կճանաչեմ, առանց դիմակի էին, տարածքում մարդ չկար, տեսախցիկներ չկային: Հարվածում էին դեմքիս, գլխիս, վերջում էլ սպառնացին, ասացին` էլ աչքի չընկնես, թե չէ վատ կլինի, եւ շատ արագ դիմեցին փախուստի»,- պատմեց ակտիվիստը:
Սյուզի Գեւորգյանը դեպքի առնչությամբ հաղորդում չի տվել ոստիկանությանը:





























