Սեպտեմբերի 1-ից  հայաստանյան բոլոր դպրոցներում կկազմակերպվի ուսուցիչների երդման արարողությունը, ինչի հրամանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է օգոստոսի 18-ին: Վերջինս NEWS.am-ին ասել է, թե երդման գաղափարը եւ տեքստի նախնական տարբերակը Հայաստանի խորհրդային հանրապետության լուսավորության նախարար Սեմյոն Հախումյանինն է: «Իր 80-ամյակի կապակցությամբ մենք հրավիրել ենք նախարարություն եւ այդ ընթացքում նաեւ կրթության ոլորտի ռահվիրան առաջարկեց նման գաղափար եւ տեքստի նախնական տարբերակ, այս ընթացքում աշխատեցինք եւ ստացվեց այն, ինչ ստացվեց»,- մանրամասնել է ԿԳ նախարարը:

Իսկ երդման կարեւորությունը Աշոտյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Կարեւոր է, որ ցանկացած մարդ, իր խոսքի արժեքը իմանալով, առավել եւս երդում տալով՝ բարոյական մեծ պարտավորություններ դնի իր առջեւ ու իր կողակիցների առջեւ, նրանց առջեւ, ում այդ երդումը դիպչում է» (ամենայն հավանականությամբ նկատի ունի «ում այդ երդումը վերաբերում է»): Հարցին, թե կարծում է, որ երդման արարողությունը կօգնի՞ վերացնել դպրոցում առկա բարքերը՝ կոռուպցիան ու այլ արատավոր երեւույթներ, նախարարն ասաց.  «Միանգամից՝ չէ, ինչպես որ չեն փոխվում բարքերն աշխարհում ու մամուլում»:

Նշենք, որ Աշոտյանը երդումն անվանել է «Հայ ուսուցչի երդում», իսկ թե ինչ են անելու ազգությամբ ոչ հայ ուսուցիչները, նախարարի հրամանում ոչինչ ասված չէ: