Նախագահականի ուղղությամբ ձվեր շպրտելու համար այսօր` օգոստոսի 20-ին, բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին քիչ առաջ ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց անդամը` ավելացնելով, որ բաժնում իրեն պահել են 3 ժամ եւ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակել: (ֆոտոռեպորտաժ)

Գեւորգ Սաֆարյանը այն կարծիքին չէ, որ իրեն բերման են ենթարկել նախագահի հասցեին հնչեցված կոշտ ելույթի համար:

«Իրենք այդքան չեն աճել, որ ելույթի համար ինձ բերման ենթարկեն: Բերման ենթարկեցին, որովհետեւ նախագահականի պատերին ձու նետեցի: Իհարկե, ելույթս կարող էր առիթ լինել, բայց եթե ձվեր չնետեի, բերման չէին ենթարկի»,- ասաց Սաֆարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Սյուզի Գեւորգյանի նկատմամբ կիրառված բռնությունը դատապարտող երթից հետո այսօր` օգոստոսի 20-ին, ոստիկանները բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին, որը ձվեր էր նետել նախագահական նստավայրի ուղղությամբ: