Սահմանադրական բարեփոխումների նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս հանրաքվեների միջոցով լուծել բոլոր կարեւորագույն հարցերը` ոչ միայն գլոբալ, այլև` ներհամայնքային: Այդ մասին օգոստոսի 20 –ին Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա ասել է, որ ցանկացած կուսակցության համար նախագահական կառավարումն ավելի շահավետ է, որովհետեւ կուսակցությունն իր սեփական նախագահը կունենա, բայց հասարակական գործընթացները հանգեցրել են նրան, որ կառավարման գործընթացին ժողովրդի մասնակցությունն անհրաժեշտություն է դարձել: Նա նաև պարզաբանել է, որ Իսրայելի եւ Գերմանիայի փորձից  վերցված սկզբունքի համաձայն, պատերազմի դեպքում երկրի վարչապետն դառնում  զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Նա նշել է նաեւ, որ երկրում ռազմավարական նշանակումներ չեն կարող կատարվել առանց ընդդիմության:

Նա ասել է, որ սահմանադրական փոփոխությունները ազգային անվտանգության ոչ մի խնդիր չեն առաջացնի.  «Ոչ մի սպառնալիք չկա, ընդհակառակը, ցանկացած հարց կոլեգիալ եղանակով քննարկվում է»: