Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատերազմական պայմաններում «եղբայրական ժողովուրդների» մասին խոսք լինել չի կարող:

Ուկրաինայի հասարակական գործիչների հետ հանդիպման ժամանակ նա համաձայնել է, որ պետք է պսակազերծել Պուտինի կողմից տարածվող առասպելներն այն մասին, որ ուկրաինացիներն ու ռուսները մեկ ազգ են եւ նշել է, որ պատերազմական պայմաններում եղբայրական ժողովուրդների մասին խոսք լինել չի կարող, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների միասնականություն մասին առասպելները պսակազերծելու անհրաժեշտության մասին Ուկրաինայի նախագահին հայտնել էր ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Յուրի Շչերբակը: Նա նաեւ հիշեցրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արտահայտած կարծիքն այն մասին, որ Ուկրաինան կառավարվում է արտաքին ուժերի կողմից:

«Դուք շատ դիպուկ եք արտահայտվել: Պատերազմի ժամանակ ոչ մի եղբայրական ժողովոււրդ չկա: Կա միասնական ուկրաինական ժողովուրդ, որը գնում է դեպի Եվրոպա, եւ կա ռուս ժողովուրդ , որը գտնվում է խորը ճգնաժամում»,- դրան ի պատասխան ասել է  Պորոշենկոն:

Օգոստոսի  17-ին, ելույթ ունենալով Ղրիմում, Պուտինը հայտարարել էր, որ «ռուսներն ու ուկրաինացիները առհասարակ մեկ ընդհանուր ժողովուրդ են» ու հույս էր հայտնել , որ «Ուկրաինան ոտքի կկանգնի ու կզարգանա դրական հունով՝ Ռուսաստանի հետ կառուցելով իր ապագան»: