Հայաստանում հարցվածների 90 տոկոսը Բաղրամյան պողոտայում երկու ամիս առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված ցույցերը համարում է շարքային քաղաքացիների ինքնակազմակերպված շարժում: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք անցկացվել են «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» կողմից, որը Հայաստանում  Gallup ցանցի ներկայացուցիչն է: Հարցումն անցկացվել է հուլիսի 6 – 13-ին Երեւանում եւ մարզերում` 1 106 մարդու մասնակցությամբ:

Ասոցիացիայի ղեկավար Արամ Նավասարդյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ միայն 2 տոկոսն է համարում, որ այդ ցույցերը կազմակերպել էին դրսի ուժերը, եւս 2 տոկոսը կարծում է, որ դրանց թիկունքում քաղաքական ուժերն են կանգնած եղել: Հարցվածների եւս երկու տոկոսը նշել է, որ ցույցերը կազմակերպել էին հենց իշխանությունները, որպեսզի շեղեն բնակչության ուշադրությունը:

Հարցին, թե որ դեպքերում կարող է արդարացված լինել կենտրոնական պողոտա փակելու գործողությունը, 92 տոկոսը նշել է սոցիալական հարցերի դեպքում, 28 տոկոսը՝ քաղաքական պայքարի, 3 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում ցույցերը տեղի են ունեցել հունիսի 20-ից հուլիսի 6-ը: