Հուլիսի 22-ից մինչեւ օգոստոսի 20-ը ժամանակահատվածում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) առնվազն 771 զինյալ է ոչնչացվել, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի գլխավոր շտաբի, ոստիկանության ու ժանդարմեայի աղբյուրներին:

Հյուսիսային Իրաքում՝ այդ թվում Քանդիլ բնակավայրում,  օդային հարվածների հետեւանքով 430 զինյալ է ոչնչացվել: Քուրդիստանի բանվորական կուսակցության ավելի քան 450 անդամ վիրավորվել է այդ խմբավորման դեմ կազմակերպված տարբեր գործողությունների ընթացքում:

Անվտանգության ուժերի աղբյուրների տեղեկություններով՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության 260 զինյալ է ոչնչացվել է Թուրքիայի տարածքում եւ ավելի քան 250-ը վիրավորվել: Նաեւ հայտնում են, որ օգոստոսի 20-ին 18 մարդ է ոչնչացվել Թուրքիայի հարավ արեւելյան Շըրնաք նահանգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքիայի զինված ուժերը գրոհում են ԻՊ դիրքերի վրա՝ Սիրիայի հյուսիսում եւ Քուրդիստանի բանվորական կուսակցության դիրքերի վրա՝ Իրաքի հյուսիսում ու Թուրքիայի հարավ-արեւելքում: Դրան ի պատասխան՝ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը հայտարարել է, որ Անկարայի հետ հաշտեցումը «իմաստազրկվել է»: