Հարավային Կորեայում ձերբակալվել է մի 23 ամյա երիտասարդ: Կան կասկածներ, որ նա է տարածել այն տեքստային հաղորդագրությունները, որոնցում գրված էր թերակղզում իրավիճակի հետագա սրման դեպքում համընդհանուր զորակոչ սկսվելու մասին:
Իրավապահ մարմինների տվյալներով ՝ Կիմ ազգանունով տղամարդը որոշել է կատակել ու ՍՄՍ հաղորդագրություններ է ուղարկել իր նախկին զինակիցներին այն բանից հետո, երբ ԿԺԴՀ –ն կրակ է բացել իր հարավային հարեւանի վրա: Նա իբրեւ ազգային պաշտպանության նախարարության անունից գրել է .«Պատերազմ հայտարարելու դեպքում 21-ից 33 տարեկան պահուստային զինվորները պետք է արձագանքեն արտահերթ զորակոչին»: Այս մասին հայտնում է Lenta.ru –ն՝ վկայակոչելով հարավկորեական լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Պխենյանը հրետանաային համազարկեր էր արձակել՝ պահանջելով հանել այն քարոզչական բարձրախոսները, որոնք տեղադրված են երկու պետությունների սահմանին: Կորեայի հանրապետությունը դրան պատասխանել է մի քանի տասնյակ հրթիռների արձակումով: Երկու երկրներն էլ հրամայել են իրենց զորքերին բերել բարձր մարտունակության վիճակի:





























