Սիրիական ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել իսրայելի կողմից իրականացվող հարվածների մասին:
«Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների աջակցության շրջանակում Քունեյթրա նահանգի Ալկ -Կում բնակավայրում իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածի տակ է ընկել մասնավոր ավտոմեքենա: Զոհվել է հինգ մարդ, բոլորն էլ տվյալ նահանգի բնակիչներ: Ավտոմեքենան գնդակոծվել է իսրայելական անօդաչուի կողմից օգոստոսի 21-ին՝ առավոտյան ժամը 10.35-ին՝ մարդաշատ շուկայից ընդամենը 50 մետր հեռավորության վրա:
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, ժամը 23.30-ին իսրայելական ագրեսորը օդային հարվածներ է հասցրել Քունեյթրա նահանգի բանակային դիրքերից մեկի վրա, ինչի հետեւանքով զորհվել է մեկ ու վիրավորվել յոթ զինծառայող: Ինչպես հայտնել է ռազմական աղբյուրը ՝ դրանով Իսրայելը փորձում է իր աջակցությունը հայտնել ահաբեկչական խմբավորումներին ու բարձրացնել նրանց ընկած մարտական ոգին: Այդ նույն օրը ՝ ժամը 18.30-ին, զինվորական աղբյուրի տվյալներով, իսրայելական ուղղաթիռը Սիրիայի տարածքի վրա մի քանի հրթիռ է արձակել, որոնց թիրախներն են եղել Քունեյթրա նահանգի տրանսպորտի դեպարտամենտի եւ աշխատակազմի շենքերը: Զոհեր չեն եղել, հասցվել է նյութական վնաս»,- նշում է իր հաղորդագրության մեջ ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը, որը արտահայտում է Սիրիայի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը:





























