«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը (Repat Armenia Foundation) եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) Հայաստանում հայտարարում են «Ճամպրուկ 2015» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ:
Մրցույթը նպատակ ունի միավորել Երեւանի եւ մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների լուսաբանման շուրջ եւ խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:
Մրցույթին կարող են մասնակցել Երեւանի եւ ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները:
Ընտրության չափանիշներն են`
• Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2015 թվականի հունվարից 1-ից մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ միգրացիոն թեմաներով, այդ թվում հայաստանցիների վերադարձի եւ վերաինտեգրման մասին պատմություններ, անկանոն միգրացիայի վտանգների մասին պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ եւ ինտերնետային պարբերականներում ներկայացված լրագրողական նյութեր:
• Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան եւ հեղինակային մոտեցումը:
• Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:
• Ընտրված թեման պետք է լինի սպառիչ եւ հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:
• Նյութերը կարող են լինել հայերեն եւ ռուսերեն լեզուներով:
• Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:
Ոլորտի մասնագետներից եւ լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի մրցանակակիրներ հետեւյալ անվանակարգերում` հեռուստահաղորդում, ռադիոհաղորդում, տպագիր եւ առցանց հոդված, մուլտիմեդիա նյութ (1-ին տեղ`180 000 դրամ, 2-րդ տեղ` 90 000 դրամ, 3-րդ տեղ` 45 000 դրամ):
Կտրամադրվեն նաեւ հատուկ մրցանակներ հետեւյալ թեմաներով՝
Լավագույն նյութ հայրենադարձության մասին («Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կողմից)
Լավագույն նյութ ընտանիքների եւ երեխաների վրա աշխատանքային միգրացիայի սոցիալական ազդեցության մասին (Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիայի հիմնախնդրին» ծրագրի շրջանակներում):
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված դիմում-հայտի ձեւը եւ այն նյութի հետ ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երեւան, Բաղրամյան 2, բն 5): Հայտի ձեւը կարող եք գտնել նաեւ www.migrant.am, www.peopleinneed.am ինտերնետային կայքերում:
Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետեւյալ էլ. փոստի հասցեով` [email protected] ։
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015 թվականի նոյեմբերի 1-ն է (մինչեւ ժամը 18:00-ը):
Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ “ՃԱՄՊՐՈՒԿ” լրագրողական մրցանակաբաշխությունը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան, որը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 18-ին:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար զանգահարել`
093 347 077, 010 56-25-73 հեռախոսահամարներով:





























