Հարցման մասնակիցների 54 տոկոսը հավատում է Վալերի Պերմյակովի գործով Հայաստանում արդարադատությանը: 37 տոկոսը համարում է, որ դատավարությունը ամենայն հավանականությամբ արդարացի կլինի, 17 տոկոսը համարում է, որ այն միանշանակ արդար կլինի: Այս մասին են վկայում հուլիսի 6-13 ը անցկացված հարցման արդյունքները, որը կազմակերպել էր Հայաստանում Gallup ցանցը ներկայացնող «Մարկետինգի հայկական ասոցացիան»: Հարցմանը մասնակցել է 1106 մարդ Երեւանում եւ մարզերում:

Ինչպես լրագրողներին օգոստոսի 21-ին հայտնել է կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանը, 19 եւ 10 տոկոսը համապատասխանաբար հակվում են այն տեսակետին, որ դատավարությունն ավելի շուտ անարդար ու միանշանակ անարդար կլինի: Իսկ 17 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հիշեցնենք, որ ՌԴ հյուսիսային Կովկասի շրջանային զինվորական դատարանի ենթակայության տակ գտնվող կայազորային զինվորական դատարանը  Պերմյակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ դասալքության ու զենքն ապօրինաբար կրելու համար: Իսկ Ավետիսյանների ընտանիքի՝ հունվարին կատարված սպանության գործով կզբաղվի հայկական կողմը: