21-րդ դարը պահանջում է նոր մտածողություն կրթության ոլորտում, որը Հայաստանը չի կիրառում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքով` այսօր մեր դպրոցների և բուհերի կրթական ծրագրերում բավական թերություններ կան։ Ըստ նրա` պետք է ուսանողի և դպրոցականի մոտ ձևավորել մեթոդաբանական-որոնողական մտածողություն, որպեսզի հետագայում նա կարողանա գտնել իր տեղը աշխատաշուկայում։
«Օրինակ, զարգացած երկրներում ինչպիսիք են ԱՄՆ–ը կամ Ճապոնիան, ուսուցանվողից չեն պահանջում անգիր արված որևէ տարեթիվ, իրադարձություն կամ թեորեմ, այլ ասում են պատճառը, թե ինչու է դա եղել ու պատմական գիտելիքն օգտագործում գործնականում։ Այսօր Հայաստանը կրթության ոլորտում կիրառում է 20-րդ դարի առաջին կեսի տեխնոլոգիաները»,- ասաց սոցիոլոգը։
Սոցիոլոգը շեշտեց, որ այս պահին ՀՀ կրթական շուկան կարգավորված չէ, և մի շարք մասնագիտությունների գերարտադրություն կա, ինչպիսիք են տնտեսագետները, մենեջերները, հաշվապահներն ու դիվանագետ-քաղաքագետները:
«Կան պահանջված մասնագիտություններ, բայց մասնագետ չկա: Մեր երկրում ներկա դրությամբ բիզնես ոլորտով զբաղվող իրավաբանների , արտաքին կապեր հաստատող մասնագետների, միջազգային կապեր հաստատող մենեջերների պահանջարկ կա։ Ճիշտ է արտերկրից գալիս են նման մասնագետներ, բայց տեսնելով ցածր վարձատրությունը հեռանում են»,- նկատեց Ադիբեկյանը` նշելով, որ աշխատանքային շուկան պետք է ուսումնասիրվի, եւ պետպատվեր տրվի շուկայում պահանջարկ ունեցող «դեֆիցիտ» մասնագիտություններին, որպեսզի դառնանք ինտելեկտուալ ուժ արտահանող երկիր։





























