2011 թվականին Հայաստանում նախատեսվում է բացել Հայ-հնդկական «Գերազանցության կենտրոն», որի համար արդեն իսկ հնդկական կողմը Հայաստանին է տրամադրել մոտ 2 տոննա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող գրքեր։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ ավելացնելով, որ գրքերից բացի հնդկական կողմը հայ- հնդկական «Գերազանցության կենտրոն»-ի համար նախատեսում է Հայաստան ուղարկել սարքավորումներ, որոնք Հայաստան կհասնեն նոյեմբերին, իսկ ընդհանուր առմամբ, ամբողջ ծրագրի իրականցման համար հնդկական կողմը կծախսի 2 մլն դոլար։
Ենգիբարյանի խոսքով՝ հայ-հնդկական «Գերազանցության կենտրոն»-ում իրականացվելու է ոչ միայն մասնագետների սերտիֆիկացման գործընթաց, այլեւ ՏՏ ոլորտի վերաբերյալ ուսումնական դասընթացներ՝ ոչ միայն ուսանողների, այլեւ ՏՏ մասնագետների համար՝ նեղ մասնագիտականից մինչեւ ծրագրի ղեկավար։
«Այժմ կենտրոնի ապագա դասախոսները վերապատրաստում են անցնում Հնդկաստանում, եւ շուտով Հայաստան կվերադառնա Հնդկաստան մեկնած ՏՏ ոլորտի հայ մասնագետների առաջին խումբը, իսկ երկրորդ խումբը կմեկնի Հնդկաստան վերապատրաստումների օգոստոսի 22-ին»,-ասաց Ենգիբարյանը՝ նշելով, որ բացի հայ մասնագետներից հայ-հնդկական կենտրոնում դասավանդելու են նաեւ հնդիկ մասնագետներ։
Ենգիբարյանի խոսքով՝ ուսուցումը կենտրոնում ուսանողների համար լինելու է անվճար կամ սիմվոլիկ գումարով, իսկ ՏՏ ընկերությունների մասնագետների համար մասնագիտացված դասավանդումը կլինի վճարովի։
Ենգիբարյանի տեղեկացմամբ, արդեն իսկ Երեւանի պետական համալսարանի տարածքում ընթանում են հայ-հնդկական «Գերազանցության կենտրոն»-ի շինարարական աշխատանքերը, որոնք սակայն կավարտվեն 2011թվականին, իսկ մինչ այդ ուսուցումը եւ կենտրոնի աշխատանքները տեղի կունենան հայաստանյան չորս ԲՈՒՀ-երի ութ տարբեր լաբորատորիաներում։
Տեղեկացնենք, որ Երեւանում «Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդության տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն» ստեղծման աշխատանաքներն իրականացվում են Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում, որը կոչված է խորացնել երկկողմ համագործակցությունը տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում: Նշենք, որ աշխատանքները Հայաստանից համակարգում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, իսկ Հնդկաստանից` «Հաշվողական առաջատար մշակումների կենտրոն»-ը:



























