Հայկական բանկերը պետք է ստուգեն նավթային շոկերին իրենց պատրաստավածությունը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նրա կարծիքով Հայաստանի բանկային համակարգը պետք է սթրես-թեստ անցկացնի՝ նավթի գների 30-40 դոլարի սահմաններում:
Պետք է հասկանալ, թե որքանով է մեր բանկային համակարգը պատրաստ նման շոկային վիճակների: Չէ որ նավթը շարունակում է էժանանալ եւ կարող է հասնել 2009-ի նվազագույն սահմանին (41 դոլարից ցածր), իսկ դա նշանակում է, որ դա իր հետեւից ներքեւ կքաշի ռուսական ռուբլու փոխարժեքը, հավելել է Խաչատրյանը:
«Դրան կարող է նպաստել Իրանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները վերջնականապես հանելը, ինչը կավելացնի առաջարկը նավթի համաշխարհային շուկայում»,-ընդգծել է տնտեսագետը:
Հիշեցնենք, որ Brent տեսակի նավթի արժեքը Միջմայրցամաքային բորսայում (ICE) 45,4 դոլար է, իսկ WTI տեսակի նավթինը՝ 40,3 դոլար՝ մեկ բարելի դիմաց:




























