ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 23-25-ին Չինաստան կատարելիք այցի ժամանակ առաջարկներ, լուծումներ կներկայացնի Իրան-Հայաստան երկաթուղու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  վարչապետը:

« Երկաթգծի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը եղել է նախարարի, փոխանախարարի մակարդակով, հանդիպումներ եղել են, քննարկումներ եղել են: Աշխատանքային այց է լինելու, քննարկելու ենք դա Չինաստանի վարչապետի հետ, ֆինանսական առումով կոնկրետ առաջարկներ, լուծումներ եմ  ներկայացնելու նաեւ այն ընկերության վերաբերյալ, որը կարող է կառուցել երկաթգիծը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ երկաթգիծը մեծ նշանակություն ունի մեր երկրի տնտեսության համար:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը Չինաստանի վարչապետի հետ հանդիպում կունենա Չինաստանում անցկացվող տնտեսական մեծ համաժողովի շրջանակում:

Նշենք, որ  երկաթուղու կառուցումը ծրագրվում է իրականացնել 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար: 2013թ. Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին: