Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին: Հանդիպման ընթացքում քննարկվել է կրթության եւ գիտության ոլորտում հայ-իսրայելական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Նախարարը նշել է, որ կրթության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունը հիմնականում միջբուհական հարթությունում է: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության ավագ դպրոցներում կիրականացվեն բաց դասեր` նվիրված Մեծ Եղեռնի, Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություններին: Նախարարն ընդգծել է, որ ինքը եւս կվարի բաց դաս, որի ընթացքում կանդրադառնա նաեւ Հոլոքոստին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությանը, որը, ըստ նախարարի, վերջին շրջանում համալրվել է ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ վավերագրություններով ու փաստաթղթերով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ գիտահետազոտական ոլորտում համագործակցության ընդլայնումը: Նախարարը, մասնավորապես, նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության զարգացման հարցերով:

Հանդիպման ավարտին անդադարձ է եղել նաեւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին, ինչպես նաեւ նոր նախագծեր իրականացնելու հնարավորությանը: