ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», գոհ է Հանրապետության նախագահի հետ հանդիպումից:

NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ինքը կողմ է Սահմանադրության նոր նախագծին:

«Եթե նախագահն ասում ա, ուրեմն կողմ եմ: Ես նախագահին կողմ եմ, ոնց ասի, ըտենց էլ պիտի անենք»,- ասաց նախկին ԲՀԿ-ականը:

Նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանն էլ ընդգծեց, որ բուռն քննարկում է եղել, բազմաթիվ հարցեր են քննարկվել:

«Երբ նախագիծն Ազգային ժողովում դրվի քննարկման, մենք մանրակրկիտ կքննարկենք, կուսումնասիրենք: Չեմ կարծում, որ կա այնպիսի մի դրույթ, որը դեմ կլինի մեր ժողովրդին»,- ասաց նա:

Հարցին, թե անկուսակցական Արագած Ախոյանը մտավախություն չունի, որ նոր Սահմանադրությամբ ԱԺ-ում հնարավոր է՝ չընդգրկվի, վերջինս պատասխանեց. « Ո՞վ ասաց, որ ես 2017թ. որոշել եմ լինել Ազգային ժողովում: Այս հարցը վաղ է քննարկման համար»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել  Ազգային ժողովի պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Գրիգորի Մարգարյանի, Բազմասեր Առաքելյանի, Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, Դավիթ Քոչարյանի, Ռուստամ Գասպարյանի, Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի հետ: Հանդիպումներն ընթանում են նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում: