Արարատի մարզի Սուրենավան գյուղում գյուրզա տեսակի օձի խայթոցից մահացած 54-ամյա Կարինե Թադեւոսյանի որդին դիմում–բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով  պատժել կնոջ մահվան մեղավորներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի որդին` Գագիկ Թադեւոսյանը:

«Արարատի բժշկությունը ոչ մի բան չի արել, որ էսօր ստեղի բժիշկ կոչեցյալը ելույթ է ունենում: Մորս կողքին 3 ժամ բժիշկ չի եղել, ասում են, որ սրսկել են հակաթույնը, բայց ես էլ հակառակն եմ ասում, թող ապացուցեն: Ես ամեն ինչի գնով  ճշմարտությունը պիտի պարզեմ: Սանիտարից սկսած մինչեւ ասիստենտ պիտի պատասխան տան մորս մահվան համար, մինչեւ դատարանի դուռ ես իրանց կհասցնեմ»,-ասաց Գագիկ Թադեւոսյանը:

Մահացած կնոջ որդու խոսքով` առողջապահության նախարարության աշխատակիցները այցելել են իրենց տուն եւ ասել, որ գործով վարչական վարույթ է հարուցել եւ ստուգումներ է անցկացնում` իրականությունը պարզելու համար:

Նշենք, որ օգոստոսի 20-ին Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Կարինե Թադեւոսյանը հիվանդանոց է տեղափոխվել դեպքից միայն 12 ժամ անց, սակայն օգոստոսի 27-ին նախարարությունը հերքել էր իր առաջին հաղորդագրությունը՝ նշելով, որ կինը հիվանդանոց է տեղափոխվել անմիջապես օձի խայթելուց հետո: Գագիկ Թադևոսյանի դիմում-բողոքի հիման վրա դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում օգոստոսի 17-ին տնամերձ հողամասում աշխատելիս Սուրենավանի բնակչուհի, 54-ամյա Կարինե Թադեւոսյանին օձ է խայթել։ Նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետեւ Երեւան, որտեղ էլ կինը 2 օր անց մահացել է:

NEWS.am-ի հետ զրույցում Արարատի ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանն ասել էր, որ կնոջն անհրաժեշտ բոլոր ներարկումներն արել են, սակայն կնոջ վիճակը կտրուկ վատացել է եւ իրենք նրան տեղափոխել են Երեւան: