Բրիտանացիների մեծ մասը, Եվրոպայում տիրող միգրացիոն ճգնաժամի ֆոնին, կողմ է Եվրամիության կազմից երկրի դուրս գալուն: Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Mail on Sunday պարբերականում:
Եթե հանրաքվեն, որը պետք է անցկացվի մինչեւ 2017 թվականի ավարտը, կայանար հենց հիմա, ապա, հարցման արդյունքներով, Միացյալ Թագավորության բնակիչների 51%-ը կողմ կարտահայտվեր ԵՄ-ից երկրի դուրս գալուն:
Բրիտանացիների 49%-ը նախընտրում է չխզել կապերը Բրյուսելի հետ: Ընդ որում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վերջինների 22%-ը, հնարավոր է, կփոխեր կարծիքը, եթե Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա ձգտող փախստականների հետ կապված ներկա ճգնաժամը շարունակի խորանալ:
Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսին Մեծ Բրիտանիայում ԵՄ-ին անդամակցության կողմնակիցների թիվն ավելի մեծ էր: Այդ ժամանակ անցկացված հարցման արդյունքներով, կառույցին անդամակցությանը կողմ էր բնակիչների 54%-ը:





























