Գյումրի «Մուշ-2» նորակառույց թաղամասի բնակեցումն արագացնելու նպատակով անհրաժեշտ քայլերի վերաբերյալ Հայաստանի վարչապետին դիմում ուղերձ է հղել Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն:
Դիմում-ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ խստաշունչ ձմռան գալուն ընդառաջ, պետք է վերացվեն թաղամասի բնակեցման գործընթացում ի հայտ եկած զգալի խոչընդոտներ: «Շիրակ Կենտրոնը» բնակարան ստացած ընտանիքների` տնակներից նոր բնակարաններ տեղափոխումն արագացնելու համար, առաջարկում է լուծել հետեւյալ խնդիրները.
«1. Բնակարաններն ապահովել անխափան ջրամատակարարմամբ:
Ներկայումս նորակառույց շենքերում բնակություն հաստատած ընտանիքները հիմնականում օգտվում են թաղամասի ծայրամասում հոսող ջրի ծորակից: «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից բնակարաններում ջրամատակարարում չի ապահովում՝ այն պատճառաբանությամբ, թե ոչ բոլոր բնականներն են բաց, եւ փակ բնականաններում հնարավոր չէ կանխել վթարները: Ինչպես նաեւ ջրաչափերի ու դրանց տեղադրման վճարներ են պահանջում բնակիչներից այն դեպքում, երբ «Գլենդել Հիլզ»-ը սանիտարատեխնիկական սարքավորումների տեղադրումն ու դրանց ցանցերի միացումներն իրականացնելու էր իր միջոցների հաշվին: Կարծում ենք՝ դռների փակ լինելը լուրջ պատճառաբանություն չէ, վերջին հաշվով կարելի է ներքին գործերի մարմինների ներկայությամբ, համապատասխան արձանագրություն կազմելով բացել դեռեւս չբնակեցված բնակարանների դռներն ու այդ բնակարանները եւս ապահովել ջրամատակարարմամբ: Առավել եւս, երբ բնակարանները դեռեւս սեփականաշնորհված չեն քաղաքացիների կողմից եւ պատկանում են ՀՀ կառավարությանը:
2. Կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ»-ին պետք է պարտադրել, որ վերջիններս տրամադրեն շինարարական բավարար աշխատուժ եւ նորակառույց բնակելի շենքերում առկա թերություններն ու բացթողումները կարճ ժամանակամիջոցում վերացնեն: Այդ թվում` բնակարաններում իրականացնեն գազօջախների, սանիտարատեխնիկական սարքավորումների, ջեռուցման համակարգերի միացման աշխատանքները եւ մի շարք բնակարաններում տեղադրված ու կոտրված սանիտարատեխնիկական սարքավորումները փոխեն նորերով:
3. Գյումրու քաղաքապետարանն էլ պետք է նորակառույց թաղամասը քաղաքի կենտրոնին կապող նոր երթուղային միջոցներով ապահովի: Տրամաբանական կլինի, եթե բացի երթուղային տաքսիներից գործի նաեւ ավտոբուսային երթուղի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակարաններ են ստացել հարյուրավոր միայնակ ծեր, հաշմանդամ քաղաքացիներ, բազմանդամ, սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներ, թերեւս անհրաժեշտ է, որ առաջիկա մեկ-երկու ամիսը այդ ավտոբուսները նորակառույց թաղամասի բնակիչների համար գործեն անվճար»։



























