Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցելու են կրթության ոլորտում, եւ մշակվում են կարեւոր փաստաթղթեր:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Հնդկաստանի կրթական համագործակցությանն առնչվող երեք փաստաթղթեր, որոնք մշակվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Հաշվի առնելով հայ-հնդկական կրթական կապերի շարունակական ամրապնդումը՝ նախարարությունը մշակել է ավարտական փաստաթղթերի ու կրթական աստիճանների փոխճանաչման հանաձայնագրի նախագիծը եւ հայ-հնդկական կրթական համագործակցության նոր ծրագիրը: ՀՀ ԿԳ նախարարն ու դեսպանը քննարկել են նաեւ բարձրագույն բժշկական կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանչման համաձայնագրի մշակմանն առնչվող մի շարք հարցեր: Հնդկաստանի դեսպանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին է փոխանցել նոյեմբերին Դելլիում կայանալիք կրթության նախարարների միջազգային գագաթաժողովին մասնակցելու հրավեր:





























