Պաշտոնական վիճակագրության համաձայն, գյուղատնտեսական արտադրանքի իրացման գների ինդեքսը նվազել է մինչեւ 70.8%-ի: Այսինքն՝ գյուղատնտեսական արտադրանքի միջին միավորը նկատելիորեն էժանացել է՝ գրեթե 30%-ով:
Նշենք, որ հունվար-հուլիսին բանջարեղենի եւ կարտոֆիլի միջին մանրածախ գները նվազել են 7.6%-ով, իսկ ահա մրգերինը՝ 15.5%-ով աճել: Վերջին դեպքում, սակայն, հարկավոր է հաշվի առնել միջնորդների եւ վերավաճառողների գործոնը, որոնք հենց ֆերմերներից էժան գնով գնում են միրգը:
Նույն վիճակագրության համաձայն, հունվար-հուլիսին գյուղմթերքի ֆիզիկական տեսակարար կշիռն աճել է 14.8%-ով: Միաժամանակ, բավական բարձր է բուսաբուծության ցուցանիշը (աճը՝ 28.6%), որն աճել է անասնաբուծական արտադրանքի՝ համեմատաբար դանդաղ աճի ֆոնին (4.2%):
Բնականաբար, դրամով իրացվում է գյուղատնտեսական արտադրանքի միայն մի մասը: Անցյալ տարվա տվյալների համաձայն, վաճառքի ամենամեծ մասնաբաժինը բանջարեղենինն է (իրացվել է ընդհանուր ռեսուրսների 73.9%-ը), խաղողինը (78.1%) եւ մսինը (81.5%): Համեմատաբար ցածր ցուցանիշներ են գրանցվել հատիկավորների եւ լոբազգիների (23.7%), մրգերի եւ հատապտղի (51.8%), ձվի (35.1%) եւ այլնի մասով: Այս ցուցանիշը մշտական չէ եւ կախված է արտադրության ծավալներից, սպառման հնարավորություններից եւ այլ գործոններից:
Հասկանալի է, որ միայն այս տվյալների հիման վրա անհնար է միանշանակ պատասխանել հարցին՝ գյուղմթերքի վաճառքից ֆերմերների եկամուտներն աճե՞լ, թե՞ նվազել են: Ամեն ինչ պարզ կլինի միայն ընտանիքների բյուջետային հետազոտությունների արդյունքների հրապարակումից հետո: Միայն մեկ բան է պարզ. արտաքին դրամական փոխանցումների գծով, ընդհանուր առմամբ, զգալի անկում կա ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական ընտանիքներում:




























