ՌԴ-ում Պուտին-Մեդվեդեւի ղեկավարած «Եդինայա Ռոսիյա» իշխող կուսակցությունը նախօրեին կայացած միասնական ընտրություններում անբնական բարձր արդյունք է գրանցել այն մարզերում, որոնք տարիներ շարունակ հայտնի են զանգվածային ընտրակեղծիքներով։ ՌԴ 21 մարզերում սեպտեմբերի 13-ին նահանգապետի ընտրություններ են կայացել, եւս 11 սուբյեկտներում՝ օրենսդիր ժողովի ընտրություններ։

«Եդինայա Ռոսիյա» կուսակցության թեկնածուներն ու հենց կուսակցությունը երկուշաբթի առավոտյան «փայլուն» արդյունքներ են գրանցել միայն այն մարզերում, որոնք տարիներ շարունակ հայտնի են ընտրությունների արդյունքները կեղծելով։ Այսպես՝ Թաթարստանի Հանրապետությունում եւ Կեմերովոյի շրջանում ԵՌ-ն հավաքել է 97 տոկոս, Կրասնոդարի երկրամասում՝ 84 տոկոս, Ռոստովում՝ 78 տոկոս եւ Պենզայում՝ 86 տոկոս։

Միաժամանակ մի շարք շրջաններում իշխանության աջակցությունն այնքան թույլ է եղել, որ նշմարվել է երկրորդ փուլի «վտանգ»։ Նշենք, որ Կոմունիստական կուսակցությունը եղել է իշխանական ուժի միակ լուրջ մրցակիցը։