Իրան-Հայաստան երկաթուղին արդյունավետ կլինի, եթե նախագծին միանա Վրաստանը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին՝ «Իրան. Պատժամիջոցների չեղարկում եւ հնարավոր տարածաշրջանային իրադարձություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Թավադյանը։
Տնտեսագետը հիշեցրեց, որ նախնական համաձայնությամբ ներդրումների 60 տոկոսը պետք է անի չինական կողմը։ «Հայաստանի եւ Իրանի միջեւ ամենաիրատեսական նախագիծը Մեղրու հիդրոէլեկտրակայանի շինարարությունն է։ Դա մեզ համար շատ կարեւոր է, քանի որ ՀԷԿ-ը ավելի էժան է եւ բնականաբար էժան էլեկտրաէներգիան ոչ միայն սոցիալական հարցեր է լուծում, այլ նաեւ առաջին հերթին բարձրացնում է երկրի մրցունակությունը»,- ընդգծեց Թավադյանը։
Տնտեսագետի խոսքով՝ անընդհատ խոսում են նավթավերամշակող գործարանի մասին։ «Այստեղ նույնպես մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը եւ մեծ է Կառավարության դերը»,- հավելեց փորձագետը։




























