Կոմիտաս 5ա շենքի բնակիչները (Արեւելյան խոհանոցի դիմացի մայթ) արդեն 3-րդ օրն է, դիմադրում են մի խումբ մարդկանց, որոնք քաղաքապետարանի անունից փորձում են շինարարական աշխատանքներ սկսել բակի տարածքում: Նպատակն է բակում գտնվող ենթակայանը տեղափոխել մեկ այլ վայր եւ բակի ու այգու տարածքում սկսել բարձրահարկ շենքի շինարարություն:
Այս կապակցությամբ, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն ահազանգ է հնչեցնում, նշելով. «Չներկայացնելով որեւէ փաստաթուղթ կամ թույլտվություն՝ նրանք սպառնում են ուժ կիրառել բնակիչների հանդեպ, եթե նրանք շարունակեն խոչընդոտել ենթակայանի քանդման աշխատանքներին: Ընդ որում, շենքերի բնակիչներն արդեն իսկ արագ ստորագրահավաք են անցկացրել եւ նամակներ ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ քաղաքաշինության նախարարին, ՀՀ առողջապահության նախարարին, Երեւանի քաղաքապետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ մյուս մարմիններին: Բնակիչները վճռական են տրամադրված՝ չնայած երկուշաբթի օրը ժամանած ինժեները սպառնացել է կտրել յուրաքանչյուրի վիզը, ով կխանգարի իրենց:
Պետք է արձանագրել, որ Երեւանի տարբեր վայրերում բողոքի ալիքներից հետո չի արվել որեւէ հետեւություն, եւ շարունակվում է Երեւանի բոլոր բակային տարածքների կործանարար բետոնապատումը՝ տուրք տալով մասնավոր ընկերությունների շահերին:
Եթե Երեւանի քաղաքային իշխանությունները թույլտվություն են տրամադրել եւս մեկ բակում այգու եւ բակային տարածքի հաշվին բարձրահարկ շինություն կառուցելու համար, ապա բնակիչներին ոչինչ չի մնում անել, քան ֆիզիկապես դիմադրել շինարարական գործողություններին եւ օգտագործել իրավական ու դատական բոլոր միջոցները՝ սեփական կյանքի տարածքը պաշտպանելու համար:
Նշենք, որ, ՀՀ օրենսդրության համաձայն, քաղաքացիների կենսագործունեության միջավայրի հետ կապված տարածքում որեւէ շինարարական եւ կառուցապատման նախագծեր իրականացնելու համար պարտադիր կերպով դրանք պետք է քննարկվեն եւ համաձայնեցվեն այդ տարածքում բնակվող քաղաքացիների հետ:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը կանգնած է Կոմիտասի 5ա եւ կից շենքերի բնակիչների կողքին եւ պատրաստ է աջակցել նրանց՝ իրենց օրինական պայքարում ապօրինությունների դեմ»:



























