Չիկագոյում Հայկական դրամագիտության եւ հնությունների ընկերակցություն է ստեղծվել: Կազմակերպության առաջին նիստին ելույթ են ունեցել դրամագիտության առաջատար փորձագետներ Լեւոն Սարյանն ու Ֆրանկ Քովաչը:

Ըստ coinsweekly.com-ի, ընկերակցության նպատակն է՝ միավորել հայկական դրամով հետաքրքրվող բոլոր հայերին եւ նրանց համար հարթակ ապահովել՝ իրենց հավաքածուները ներկայացնելու, իրեր վաճառելու եւ գաղափարներ փոխանակելու համար:

Ներկայում մշակման փուլում գտնվող կայքում նաեւ հայկական գրքերի, գորգերի, ասեղնագործության, ձեռագրերի եւ մետաղների մասին բաժիններ են լինելու: Կազմակերպիչները նաեւ ծրագրում են դրամների եւ հին իրերի մասին ամսագիր հրատարակել:

Ընկերակցության նախագահ Չաք Հաջինյանի խոսքով, կազմակերպության բազմաթիվ անդամներ Արեւմտյան Հայաստանից հայերի ժառանգներ են, եւ նրանց ամբողջ կարողությունը, այդ թվում՝ մետաղադրամները, խեցեգործ իրերը, ձեռագրերն ու թանկարժեք իրերը, կորսվել կամ գողացվել է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ժամանակ: «Այդպիսով մենք հարգանքի տուրք ենք մատուցում այդ իրերին ու սերունդների համար պահպանում ենք մինչեւ մեզ հասածը»,- նշել է Հաջիյանը: