ԱՄՆ Նեբրասկայի նահանգի Լինքոլն քաղաքի բնակիչը, որին 1974թ. տուգանել էին սխալ կայանման համար, վճարել է պարտքը միայն այս ամիս։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, 65-ամյա Քենթ Բրոյհիլին, որը 41 տարի առաջ Նեբրասկայի համալսարանի ուսանող էր, տուգանել էր ուսումնական հաստատությունը հսկող ոստիկանը։ Երիտասարդը ցանկացել էր տեղում չեք գրել, սակայն համալսարանի դրամարկղը ընդունում էր միայն կանխիկ գումար։ Քանի որ Բրոյհիլը ուշանում էր սեփական ավարտական երեկույթից, ոստիկանը նրանից խոսք է վերցնում, որ նա առաջին իսկ հնարավորության դեպքում կվճարի տուգանքը, սակայն Բրոյհիլը ինչ-ինչ պատճառներով դա չէր արել, գրում է ՏԱՍՍ-ը։
Բրոյհիլի խոսքով՝ ինքը մոռացել էր այդ տուգանքի մասին, մինչեւ որ վերջերս չէր հանդիպել իր նախկին համակուրսեցուն, ում հետ զրույցի ժամանակ հանկարծակի հիշել էր 40-ամյա վաղեմության պարտքի մասին։ «Ես առհասարակ չեմ հիշում, թե որքան էր կազմում տուգանքի չափը, այդ պատճառով ես ուղղակի համալսարանին 100 դոլարի չեք ուղարկեցի»,- ասել է նա։
Համալսարանում նշել են, որ իրենք հուզված են նախկին ուսանողի նման արարքից, որը միշտ պահում է տված խոսքը։




























