Կիպրոսի Լարնակա քաղաքի օդանավակայանում վերջին 13 ամիսներին ապրում են գերմանացի կինն ու նրա դուստրը: Ինչպես հաղորդում է in-cyprus պորտալը, կանայք Իսրայելից Կիպրոս են ժամանել 2014-ի օգոստոսի 12-ին, այն բանից հետո, երբ նրանց արտաքսել են մերձավորարեւելյան այդ երկրից՝ վիզայի ժամկետը լրանալու պատճառով:

Հայրենիք վերադառնալու փոխարեն, գերմանուհիները նախընտրել են մնալ օդանավակայանի ավտոկայանատեղիում: Մայրն ու դուստրը գիշերներն անցկացնում են քնապարկերում եւ լվացվում են տերմինալների զուգարաններում, հաղորդում է Lenta-ն:

Օդանավակայանի ներկայացուցիչ Ադամոս Ասպրիսը պատմել է, որ օդանավակայանի աշխատակազմը պատրաստ է եղել աջակցել կանանց Գերմանիա վերադարձին, սակայն նրանք հրաժարվել են:  Նրանք նաեւ չեն ընդունել տեղի ոստիկանության եւ Գերմանիայի դեսպանատան օգնությունը : Կանայք խուսափում են բացատրել, թե ինչու են նախընտրում մնալ օդանավակայանում եւ չվերադառնալ հայրենիք:

Նշվում է, որ ԵՄ օրենսդրության համաձայն, չկան նորմատիկային ակտեր, որոնք թույլ կտային արտաքսել ԵՄ անդամ երկրի քաղաքացիներին, եթե նրանք որեւէ հանցագործություն չեն գործել: Մոտ ժամանակներս Լարնակայի օդանավակայանի ղեկավարությունը մտադիր է այս խնդրի լուծման հարցով դիմել երկրի իշխանություններին: