Ճապոնացի Խիդեկիտի Միյաձակին 105-ից բարձր տարիքային խմբում 100 մետր հեռավորության վազքի նոր ռեկորդ է սահմանել, բայց հայտարարել է, որ դժգոհ է իր արդյունքներից:
Միյաձակին, ով ստացել է «Ոսկե Բոլտ» մականունը ՝ օլիմպիական վեցակի չեմպիոն Ուսեյն Բոլտի պատվին, չորեքշաբթի Կիոտոյում, իր տարեդարձի հաջորդ օրը, 100 մետր տարածությունը վազելով անցել է 42.22 վայրկյանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միյաձակին հավաստագիր է ստացել Գինեսի գրքի ներկայացուցչի կողմից, որը հավաստում է նրա սամանած ռեկորդը:
«Ես դժգոհ եմ իմ արդյունքներից: Վազելու ժամանակ աչքերիցս արցունքներ էին հոսում, քանի որ հասկանում էի, որ չափից դանդաղ եմ վազում: Հավանաբար ծերանում եմ: Ես իմ առջեւ նպատակ եմ դրել, որ 100 մետրը պիտի անցնեմ 35 վայրկյանում:
Կարող եմ ասել, որ հպարտանում եմ իմ առողջությունով: Մի քանի օր առաջ բուժզննում անցա, բժիշկներն ասացին, որ ես փայլուն առողջություն ունեմ: գուցե միտքս արդեն այդքան արագ չի աշխատում, բայց ֆիզիկապես ես լավ վիճակում եմ: Ես երբեք առողջական խնդիր չեմ ունեցել: Բժիշկները ապշած էին մնում: Ես դեռ մի քանի տարի էլ կկարողանամ վազել»,- հայտարարել է Միյաձակին:




























