Ֆիլիպինյան ոստիկանությունը ձերբակալել է պանամյան մի նավ, որի վրա հայտնաբերվել է մեծ քանակությամբ իսրայելական արտադրության զինամթերք, հաղորդում է walla.co.il պորտալը։ Նավի անձնակազմը կազմված է Վրաստանի քաղաքացիներից։
Բեռնանավում, որը չպարզված հանգամանքներում կայանել էր ֆիլիպինյան Մարիվելս նավահանգստում, հայտնաբերվել են 5 արկղ իսրայելական արտադրության «Հալիլ» ավտոմատներ։ Բեռնատարի ուղեկցվող փաստաթղթերի համաձայն, նավը մեկնել է Թուրքիայից դեպի ֆիլիպինյան Բատանգաս նավահանգիստը, որը գտնվում է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից հարավ։
Իշխանությունները կարծում են, որ իսրայելական զինամթերքը հասցեագրված էր ֆիլիպինյան ապստամբներին, որոնք դավանում են իսլամական ֆունդամենտալիստական գաղափարախոսություն։ Այդ պետության տարածքում ապստամբների դեմ կառավարական զորքերի պայքարը շարունակվում է շուրջ 10 տարի։




























