Հայաստանի հետ սահմանակից Իգդիր նահանգի Թուզլուջա քաղաքի (Կողբ-խմբ) մուտքի մոտ հայերենով փակցված «Բարի եկաք» եւ «Ցտեսություն» գրությունները հանելու համար Իգդիրի ադրբեջանցիները ստորագրահավաք են սկսել։
Թուրքական Bursadabugun կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ադրբեջանական միությունների, թուրք-ադրբեջական բարեկամության դաշնության, Իգդիրի Ադրբեջանի տուն միության նախագահ Սերդար Ունսալը հայտարարել է, թե Իգդիր քաղաքից 39 կմ հեռավորության վրա գտնվող Թուզլուջա քաղաքի մուտքի մոտ հայերեն գրությունները խիստ անհանգստացրել են ադրբեջանցիներին։
Սերդար Ունսալը պնդել է, թե հայերը ամբողջ պատմության ընթացքում թուրքերի նկատմամբ «թշնամություն» են արել ու «կոտորել» անմեղ թուրքերին։ Նա նշել է, թե ստորգրահավաք են սկսել՝ պահանջելով հանել հայերեն գրությունները։
Նշենք, որ Թուզլուջայի քաղաքապետ, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Մեհմեդ Գյուլթեքինը հայտնել է, թե Թուզլուջայի մուտքի մոտ հայերենով «Բարի եկաք» է գրել, քանի որ Թուզլուջան Հայաստանի հետ սահմանակից է, նախկինում Թուզլուջայում հայեր են ապրել ու այն կոչել են Կողբ։ Քաղաքապետը շեշտել է, որ չնայած Թուրքիայում շատ տեղանուններ պաշտոնապես փոխվել են, սակայն ներկայում ժողովուրդը շարունակում է դրանք հայկական անուններով կոչել։
«Թուզլուջան մինչ Թուրքիայի հանրապետության ստեղծումը հայկական բնակավայր էր։ Ներկայում պահպանվել է հայերի գերեզմանոցը, որը ժողովուրդը հենց հայկական գերեզման է կոչում, մեր հովիտն էլ տեղացիները շարունակում են հայկական հովիտ կոչել։ Հայերն այստեղ ապրել են, ստեղծել այս շրջանը, ստեղծել պատմություն։ Մենք այդ ամենը հարգեցինք եւ հայերեն գրեցինք «Բարով եկաք»։ Մենք հայերեն գրելուց անհանգիստ չենք, ընդհակառակը՝ երջանիկ ենք։ Մենք հայերի հետ կրկին բարեկամ ենք լինելու, միասին առեւտուր ենք անելու, տուրիզմ ենք զարգացնելու։ Հայերը մեր եղբայրներն են եւ ոչինչ մեզ չի խանգարի»,ասել է քուրդ քաղաքապետը։
Նշենք, որ NEWS.am-ի տեսախցիկը հայերեն գրությունները տեղադրելու հաջորդ օրը ֆիքսել է այն։































