Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այդ հանցագործության 100-րդ տարելիցով կանգ չի առնի: Այս մասին հոկտեմբերի 2-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ Հայաստանի նախագահը հստակ նշեց, որ մենք շարունակելու ենք Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքերը:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ինքն առանձնաբար շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին՝ միջազգային հանրությանը կոչ անելով նոր ուժ հաղորդել ապագա ցեղասպանությունների դեմ պայքարին:

Այս անգամ նա երախտագիտության խոսք ուղղեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապին՝ ապրիլին մատուցած պատմական Պատարագի առիթով, հատկապես հիշատակեց Ռուսաստանի, Ֆրասիայի, Կիպրոսի եւ Սերբիայի նախագահներին, ինչպես նաեւ այլ երկրների բարձրաստիճան անձանց, ովքեր Հայաստան էին ժամանել՝ մասնակցելու հիշատակի արարողություններին, ինչպես նաեւ այս տարի Հայոց ցեղասպանությանը ճանաչած պետությունններին՝ Ավստրիային, Բոլիվիային, Բրազիլիային, Լյուքսեմբուրգին, Նիդեռլանդներին, Չիլիին, հիշատակելով նաեւ Գերմանիայի նախագահի կարեւորագույն ելույթը»,- հայտարարեց Շարմազանովը: