Սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը պետք է մշակել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Թուրքիայի, Պարսից ծոցի երկրների, եվրոպական պետությունների մասնակցությամբ, որոնք ցանկանում են մասնակցել այդ քաղաքական լուծման որոնումներին: Փարիզում «Նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա նաեւ հավելել է, որ Սիրիայում ավիահարվածները պետք է հասցնել միայն «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:

«Պարոն Պուտինի հետ ես խոսեցի այն մասին, որ հարվածները պետք է հասցնել միայն ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Մենք այլ թիրախներ չենք տեսնում»,- ասել է նա: Օլանդը նաեւ հայտարարել է, որ «պետք է վերադառնալ ժնեւյան ձեւաչափին, որպեսզի Բաշար Ասադի ռեժիմն ու ընդդիմությունը որեւէ փոխհամաձայնություն ձեռք բերեն»:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները չեն լուծի հակամարտությունը, քաղաքական գործընթաց է անհրաժեշտ:

«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների մասնակցությամբ քաղաքական գործընթաց սկսելու համար»,- Մերկելի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: