Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն ընտրություններից շատ առաջ նախապես «զբաղեցրել է» խորհրդարանի բոլոր տեղերը:
Ինչպես հայտնել է երգչուհի Էլզա Սեիդժահանը, որի թեկնածությունը չէին գրանցել գալիք խորհրդարանական ընտրություններում, բոլոր պատգամավորները երեք ամիս առաջ արդեն նշանակված էին:
«Ինձ նույնիսկ ցույց տվեցին նոր խորհրդարանի պատգամավորների ցուցակը: Սա վայել չէ «Ենի Ազերբայջան» իշխանական կուսակցությանը»,- հայտարարել է երգչուհին «Ենի Մուսավաթ» թերթին տված հարցազրույցում:
Երգչուհու խոսքով, իր վրա ճնշում էին գործադրել ու պահանջել, որ հետ վերցնի իր թեկնածությունը: «Դրանք գործադիր իշխանության ներկայացուցիչներ էին: Ինձ մոտ ինչ- որ մարդիկ եկան ու ասացին, որ Շաբրան Սիյազանի ընտրատարածքից Թայիր Սուլեյմանովն է ընտրվելու: Նրանք ասացին, որ հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի Սուլեյմանովը պատգամավոր դառնա: Սա ի՞նչ կամայականություն է»,- ասել է Սեիդջախանը::
Երգչուհին նաեւ նշել է, որ արդեն գրավոր դիմում է ներկայացրել համապատասխան կառույցներին ու նախագահ Իլհամ Ալիեւին: «Ինձ աջակցելու նպատակով հավաքված ստորագրություններն անվավեր են ճանաչել: Սա սադրանք է: Ես արդեն դիմել եմ երկրի ղեկավարությանը ու հույս ունեմ, որ արդարությունը շուտով կհաղթանակի»,- ասել է Սեիդջահանը:





























