Իրան-Հայաստան երկաթուղին կնպաստի երկու երկրների համագործակցությանը։ Այս մասին հոկտեմբերի 15-ին՝ հայ-իրանական բիզնես-ֆորումի ժամանակ, ասել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհ Աբադին։

Նրա խոսքով՝ բնական է, որ հարեւան երկրներն Իրանի համար առաջնային են հարաբերությունների զարգացման տեսակետից։ «Հարեւան երկրների շուկաներում Իրանի ներկայությունն ավելի մրցունակ է, քան հեռավոր շուկաներում։ Պետք է ասեմ, որ հնարավորությունները մեծացել են ինչպես ապրանքների ոլորտում, այնպես էլ ինժեներա-տեխնիկական ծառայությունների բնագավառում»,- նշել է Ալի Սալեհ Աբադին։

Նրա կարծիքով նման ֆորումները նպաստում են, որպեսզի երկու երկրների գործարարները ավելի իրազեկ լինեն միմյանց տնտեսական հնարավորությունների մասին եւ այդ իրազեկության հիման վրա կարողանան տնտեսական հարաբերություններ զարգացնել։