Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում աղբահանության հետ կապված խնդրի պատճառով բժիշկները լուրջ մտահոգություններ ունեն. հորդառատ անձրեւների պատճառով իրավիճակը սպառնում է վերջնականապես դուրս գալ վերահսկողությունից եւ հանգեցնել խոլերայի, ժանտախտի եւ վտանգավոր այլ հիվանդությունների բռնկումների:
Քաղաքի հյուսիսային շրջանների բնակիչները Sputnik գործակալությանը պատմել են, որ կիրակի սկսված անձրեւները կուտակած աղբը քշում են քաղաքի փողոցներով՝ վերածվելով կեղտոտ գետերի:
Բժիշկ Էլիաս Խուրիի խոսքով, մարդիկ արդեն բուժօգնության են դիմում փորլուծությամբ, աչքերի վարակով եւ ցանով: Սակայն նաեւ մահացու հիվանդությունների տարածման իրական վտանգ կա:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հուլիսի 13-ին Լիբանանի իշխանությունները փակել են երկրի գլխավոր աղբանոցը՝ «Նաամե»-ն, նույն օրն ավարտվել է նաեւ աղբահանությամբ զբաղվող «Սուքլին» ընկերության հետ պետության պայմանագիրը:
Արդյունքում Բեյրութի եւ այլ խոշոր քաղաքների փողոցները մի քանի օրվա ընթացքում աղբով են լցվել: Խոշոր բնակավայրերում թափոնների կուտակումը բնապահպանական աղետով է սպառնում:





























