Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է ասպետների ինստիտուտը վերացնելու մասին: Նա այդ մասին հայտարարել է այսօր՝ նոյեմբերի 2-ի առավոտյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կառավարությունը համաձայնել է, որ ասպետների ինստիտուտը չի համապատասխանում պատվավոր պարգեւների ժամանակակից համակարգին»,-ասել է նա: Թերնբուլի խոսքով, Մեծ Բրիտանիայի թագուհին, ով ֆորմալ առումով պետության ղեկավարն է, համաձայնել է վերացնել այդ ինստիտուտը Ավստրալիայում:
Ավստրալիայում պետական պարգեւների համակարգը ձեւավորվել է 1975 թվականին, մինչ այդ ավստրալացիները բրիտանական շքանշաններ էին ստանում: Սկզբում պարգեւների շարքում էր նաեւ ասպետի կոչում տալը, բայց 1986-ին այդ ձեւը վերացվել է:
2014-ի սկզբին Ավստրալիայի այդ ժամանակվա վարչապետ Թոնի Էբոթը վերականգնել էր ասպետի կոչում շնորհելու պրակտիկան:





























