ՆԱՍԱ-ի մասնագետները Ղազախստանի տափաստաններում երկրաչափական նախշերի տեսքով երկրաբանական պատկերներ են լուսանկարել, որոնց տարիքը ենթադրաբար գերազանցում է 8 հազար տարին։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Լուսանկարները արվել են արբանյակի միջոցով եւ ընդգրկում են Ղազախստանի Տորգայի գյուղական շրջանի մեծ մասը։ Դրանք ստեղծվել են բլուրներից, թմբերից եւ առվափոսերից։ Ամենամեծ նախշերը իրենցից թեք խաչի եւ եռավերջույթ սվաստիկայի պատկերներ են ներկայացնում, փոխանցում է Lenta-ն։
Գիտնականները ենթադրում են, որ հողի վրա այդ նախշերն արվել են օրվա ընթացքում Արեւի ընթացքին հետեւելու համար։ Նրանք կարծում են, որ պատկերները արվել են նեոլիթի դարաշրջանի Մահանջարի մշակույթի ներկայացուցիչների կողմից, որոնք 8-10 հազար տարի առաջ բնակվում էին այդ շրջանում։





























