Չինաստանում ընդունված օրենքի համաձայն այժմ արդեն հանցագործություն է համարվում որեւէ մեկին «ծայրահեղական հագուստ» կրելու պարտադրանքը: Նոր օրենքը հոկտեմբերի 30-ին ընդունել է Գերագույն ժողովրդական դատարանը:

Օրենքին կից բացատրական գրության մեջ նշվում է, որ արգելվում է որեւէ մեկին հարկադրել կրել հագուստ կամ աքսեսուարներ, որոնք կարող են ասոցացվել ահաբեկչության, ծայրահեղականության եւ արմատական իսլամի հետ:

Օրենքը խախտողը կարող է մինչեւ երեք տարվա ազատազրկման դատապարտվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սակայն օրենքում բացատրված չէ, թե հատկապես որ հագուստն է համարվում ծայրահեղական:

Փորձագետները ենթադրում են, որ նոր օրենսդրական նորմը կարող է ուղղված լինել մահմեդականների դեմ, որոնք բնակվում են Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում: Հենց այնտեղ են կանայք կրում իլսամի համար ավանդական համարվող հագուստ, բաց թողնելով միայն աչքերը:

Այս տարվա հունվարին Սինցզյանի դատարանը հավանություն էր տվել հասարակական վայրերում նման հագուստ կրելն արգելող օրինագծին:

2014-ին Ուրումչիի բնակիչը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման, որը չէր ենթարկվել ոստիկանության պահանջներին եւ չէր սափրել մորուքը, ինչպես նաեւ կնոջը չէր համոզել չկրել փարանջա: