Ամերիկացիները պակաս կրոնապաշտ են դառնում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Pew Research Center-ի հետազոտության տվյալները։ Ինչպես պարզել են փորձագետները, 2014թ. տվյալներով աստծուն հավատում է մեծահասակ ամերիկացիների 89 տոկոսը։ 2007թ. այդ թիվը 92 տոկոս էր։ Աստծու գոյությանը աներկբա հավատացողների թիվը 2014թ. դարձել է 63 տոկոս։ 2007թ. այդ թիվը 71 տոկոս էր։

Այս միտումը հատկապես նկատելի է երիտասարդության շրջանում։ 1990-1996թ. ծնվածների միայն կեսն է հավատում աստծու գոյությանը։ 1928-1945թթ. ծնվածների շրջանում աստծուն հավատում է հարցվածների 71 տոկոսը, փոխանցում է gazeta.ru-ն։

Առաջին խմբի ներկայացուցիչներն ավելի քիչ են հակված ամենօրյա աղոթքներին։ Հարցվածների միայն 39 տոկոսն է ամեն օր աղոթում։ Իսկ մեծահասակների շրջանում այդ թիվը 67 տոկոս է։

Միաժամանակ ամերիկացիների 77 տոկոսը իրեն համարում է որեւէ կրոնի հետեւորդ։ Ընդ որում նրանց 2/3-ը նշում են, որ աղոթում են ամեն օր, եւ որ կրոնն իրենց համար շատ կարեւոր է։