ԱՄՆ նախագահի «թեկնածուի» տանտիրուհին՝ Բոբբի Քեյզերը, պատմել է իր «սանի»՝ Լյուսի Լու անունով բորդեր- քոլի տեսակի շան ծրագրերի մասին, գրում է The Huffington Post-ը։ Ավելի վաղ հայտնել էին այն մասին, որ 2008 թ սկսած Լյուսի Լուն 135 բնակիչ ունեցող Ռեբիթ Հեշ կոչվող բնակավայրի «քաղաքապետն» է։

Հիմա էլ Լյուսի Լուն ուզում է ԱՄՆ նախագահ դառնալ։ Նա կողմ է, որ կառավարության կազմը կրճատվի, հարկերը նվազեն, եւ հոգեկան առողջության պահպանման ծախսերն ավելացվեն։ Լյուսի Լուն նաեւ կողմ է ազատական ներգաղթին ; Բորդեր քոլին նաեւ կցանկանար մեղմացնել որսորդական ու հրաձգային զենքին վերաբերող կանոնները եւ խստացնել օրենսդրությունը՝ մարտական զենքի կիրառման ոլորտում, հայտնում է Gazeta–ն։

Շունը իր տանտիրուհու եւ թարգմանչուհու միջոցով փոխանցել է, որ «իր պահարանում ոչ մի կմախք չկա, գուցե ընդամենը՝ մի քանի ոսկոր»։

«Ես ամեն առավոտ արթնանում եմ միակ մտահոգությամբ ու նպատակով՝ ի՞նչ կարող եմ անել այսօր իմ թանկագին մարդկանց համար։ Նման հատկանիշով քանի՞ մարդու եք դուք ճանաչում»,- պարբերականը «մեջբերում է» Լյուսի Լուին։