ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը պետք է արտահերթ քննարկվի Ազգային Ժողովում հոկտեմբերի 5-ի նիստում: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցությունը, որն այդ օրինագիծը համարել է արտահերթ:

«Ժառանգություն» խմբակցությունն այսօր՝ սեպտեմբերի 1-ին Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին է ուղարկել իր որոշումը, որի համաձայն պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի հեղինակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ճանաչվել է արտահերթ:

Նշենք, որ ըստ օրինագծի՝ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Օրինագիծը խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել 2009թ. հոկտեմբերի 15-ին, սակայն դրա քննարկումները բազմիցս հետաձգվել են:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը եւս կողմ էր արտահայտվել ԼՂՀ-ն ճանաչելուն, թեեւ նույն ՀՅԴ-ն 2008-ի գարնանը, երբ դեռ կոալիցիայի անդամ էր, դեմ էր քվեարկել այդ նախաձեռնությանը: