Կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգ է մտցրել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման եւս մի հարց։ Կրթության եւ գիտության նախարարությունն առաջարկում է տարկետում տրամադրել Սեւան քաղաքի 18-ամյա բնակիչ Աստվածատուր Վիրաբյանին։ Առաջին հայացքից այստեղ ոչ մի արտառոց բան չկա։ Նախ, կառավարությունը պարբերաբար քննարկում է նման հարցեր, երկրորդ՝ «Զինապարտության մասին» օրենքը կառավարությանն օժտել է տարկետում տրամադրելու իրավասությամբ։ Սակայն այս ամենը միայն առաջին հայացքից։ Բան այն է, որ Ա. Վիրաբյանը սովորում է Սեւան քաղաքի արհեստագործական ուսումնարանի երկրորդ կուրսում, ինչը նրան որեւէ արտոնություն չի տալիս։ Նշենք, որ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններից միայն 3-ը՝ Երեւանի պարարվեստի ուսումնարանը, Երեւանի օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանը, Գյումրու օլիմպիական հերթափոխի ուսումնարանն ունեն տարկետման իրավունք։ Թե ինչ հիմքով է կրթության եւ գիտության նախարարը կառավարության նիստի օրակարգ մտցրել տվյալ հարցը՝ առայժմ անհասկանալի է, առավել եւս, որ որոշմանը կցված չէ պաշտպանության նախարարության գրավոր եզրակացությունը, ինչը սովորաբար կատարվում է նման դեպքերում։
Վերջին շրջանում կառավարությունը բավական հաճախակի է անդրադառնում այս կամ այն ուսանողին տարկետում տրամադրելու հարցին, սակայն կանոնակարգել այս խնդիրը չի հաջողվում, իսկ դա հղի է կոռուպցիոն ռիսկերով։ Որպես կանոն՝ տարկետումը տրամադրվում է արտասահմանյան հեղինակավոր բուհերում ուսումը շարունակող ուսանողներին։ Վարչապետ Տ. Սարգսյանը կառավարության նախորդ նիստի ժամանակ ԿԳՆ-ի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հարկավոր է նախապես սահմանել այն օտարերկրյա բուհերի ցանկը, որտեղ կրթվող հայ ուսանողները կարող են ստանալ տարկետման իրավունք։ Սակայն մինչ այսօր նման ցանկ չկա, իսկ հայտնի է, որ շատ դեպքերում օտարերկրյա բուհեր են ընդունվում մեծահարուստների երեխաները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակ «գնալ-չգնալու» հարցը մեր հասարակությունում բավական սուր հնչեղություն ունի, ճիշտ կլիներ, որ կառավարությունն ավելի հստակ չափանիշներ սահմաներ տարկետում ստանալու իրավասությունից օգտվողների համար։
Սամվել Ավագյան



























