Արեւելյան Թիմորում մարդաբանները առնետի վերացած տեսակի ոսկորներ են հայտնաբերել։ Այդ կենդանիներն իրենց չափով տասն անգամ գերազանցել են տեսակի ժամանակակից ներկայացուցիչներին։ Գիտնականների կարծիքով, մարդիկ մի քանի հազարամյակ շարունակ ապրել են հսկայական առնետների հարեւանությամբ եւ նույնիսկ սնվել են նրանցով։  Ջուլիեն Լուիսն իր բացահայտման մասին հայտնել է Տեխասում Ողնաշարավորների հնէաբանության ամերիկյան ընկերության գիտաժողովի ընթացքում, նշվում է Ավստրալիայի ազգային համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ։ 

Լուիսը հնագույն այդ կենդանիներին համարում է գիտությանը հայտնի ամենախոշոր առնետները։ «Դրանք մեգաֆաունայի իսկական ներկայացուցիչներ են։ Նրանցից ամենամեծը 5 կիլոգրամ է կշռում, փոքր շան չափ։ Համեմատության համար ասենք, որ ներկայիս ամենախոշոր առնետները մեկ կիլոգրամից պակաս են կշռում»,- նշել է գիտնականը։

Լուիսը, որը մասնակցում է Հարավ-Արեւելյան Ասիայով հնագույն մարդկանց միգրացիային նվիրված՝ «Սունդայից Սահուլ» նախագծին, պիտի փորձի հասկանալ կրծողների վերացման պատճառը։ Գիտնականը համարում է, որ հսկայական առնետները խոտակերներ են եղել։