Եգիպտոսի Հնագիտական հարցերով նախարարությունը հայտնել է, որ նոր ապացույցներ են ի հայտ եկել Թութանհամոն փարավոնի դամբարանում գաղտնի սենյակի առկայության մասին։

Ինչպես National Geographic-ին տված հարցազրույցում պատմել է գերատեսչության ղեկավար Մահմուդ էլ-Դամաթին, ինֆրակարմիր ճառագայթով դամբարանի լուսանկարների նախնական անալիզը ցույց է տվել, որ հյուսիսային պատի տարբեր հատվածներ տարբեր ջերմաստիճան ունեն։ Դա նշանակում է, որ հնարավոր է, որ պատի հետեւում դատարկ տարածություն լինի, օրինակ՝ սենյակ։  

Բրիտանացի եգիպտագետ Նիկոլաս Ռիվզան նշել է, որ փարավոնի դամբարանում երկու որմնախոռոչ կա, որոնք փորվել են եւ ներկվել։  Նրա կարծիքով, այդ բացվածքներն ապացուցում են, որ ի սկզբանե դամբարանը կառուցել են Նեֆերտիտի թագուհու համար։ Նա Թութանհամոնի հոր՝ Էհնաթոնի (Ամենհոթեպ IV) առաջին կինն էր. Թութանհամոնի մոր անունը հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ նա Էհնաթոնի քույրն է եղել։  

Սակայն Թութանհամոնն անսպասելի մահացել է, երբ նրա դամբարանը դեռ կառուցված չէր։ Արդյունքում քրմերը որոշել են Նեֆերտիտիի մահից 10 տարի անց բացել նրա դամբարանը եւ այն օգտագործել փարավոնի մումիան թաղելու համար, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Հնագիտական հարցերով նախարարությունում այդ վարկածը չեն հերքում, բայց նաեւ նշում են, որ գաղտնի սենյակում կարող է գտնվել Կիայի՝ Էհնաթոն փարավոնի երկրորդ կնոջ մումիան։ 

Էլ-Դամաթին հայտարարել է, որ գիտնականները մի շարք փորձարկումներ կանցկացնեն, որպեսզի հստակորեն պարզեն, թե պատի հենց որ հատվածում է ջերմաստիճանների տարբերություն նշմարվում։  Ջերմագիտության մեթոդով հետազոտությունները մեկ շաբաթից պակաս չեն տեւի, եգիպտագետներին հատուկ սարքավորումներ անհրաժեշտ կլինեն։ 

1922-ին բրիտանացի հնագետները անվնաս վիճակում հայտնաբերել էին Թութանհամոնի դամբարանը։ Հենց այն փաստը, որ գիտնականներից առաջ ոչ մեկը չէր բացել դամբարանը, մեծ համբավ բերեց  դամբարանին եւ փարավոնին։  Նեֆերտիտիի ոչ դամբարանը, ոչ էլ մումիան առայժմ չեն հայտնաբերվել։  Նեֆերտիտիի արտաքինի մասին կարելի է դատել սոսկ բազմաթիվ  քանդակներով եւ պատկերներով եւ իհարկե, հայտնի կիսանդրիով։