Ոչ կրոնասեր ընտանիքների երեխաներն ավելի առատաձեռն են ու հանդուրժող: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի, Կանադայի, Հորդանանի, Կատարի, ՀԱՀ-ի, Թուրքիայի եւ Չինաստանի գիտնականներից կազմված խումբը:

Ինչպես հայտնում է N+1 կայքը, գիտնականները ուսումնասիրել են Չիկագոյում, Տորոնտոյում, Քեյփթաունում, Ստամբուլում, Իզմիրում, Ամանում եւ Գուանչժոուում ապրող 1170 երեխաների (559 աղջիկ եւ 611 տղա) վարքը:

Նրանց առաջարկել են մի խաղ խաղալ, որի իմաստը հետեւյալն է. երեխաներն իրեն առաջարկված 30 քարտերից պետք է ընտրեն առավելագույնը դուր եկած 10-ը: Հետո դրանցից պետք է առանձնացնեն մի քանիսը, որոնք պետք է նվիրեն մյուս երեխաներին: Առատաձեռնության աստիճանը որոշվում է նվիրած քարտերի թվով:

Դրան զուգահեռ գիտնականները թեստեր են անցկացրել ծնողների շրջանում՝ պարզելու համար նրանց կրոնամոլության աստիճանը: Նրանց հարցրել են, թե որքանով են նրանք իրենց այս կամ այն կրոնի հետեւորդը համարում եւ որքան հաճախ են նրանք ներկա լինում կրոնական ծիսակարգերին: Գիտնականները նաեւ ստուգել են մայրերի կրթության մակարդակը: Պարզվել է, որ ոչ կրոնասեր ընտանիքների երեխաներն ավելի առատաձեռն են, քան մյուսները: Բացի այդ, այդ երեխաներն ավելի հանդուրժող են պատժին վերաբերող հարցերում, ինչը վկայում է դաժանության ավելի ցածր մակարդակի մասին: